Այս ծանր պահին ես վերահաստատում եմ՝ երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը. Սերժ Սարգսյան

Հետաքրքիր

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասվ ում է. «Անկախությանը 1991 թվականի այս օրը աներկբա «ԱՅՈ» ասած հայ ժողովրդի միասնական կամքը անցած ավելի քան երեսուն տարիներին բազում և ծանր փորձությունների ենթարկվեց:

Ամենածանր փորձությունը, սակայն, մեր ժողովրդի համար արտաքին թշնամու դեմ պայքարը չէր, որտեղ նա փառահեղ հաղթանակներ է կերտել: Կյանքը ցույց տվեց, որ, ցավոք, ամենամեծ փորձությունը, որը փորձանք դարձավ հայ ժողովրդի գլխին,

հանդուրժելն է սուտ խոստումներով իշխանությունը զավթած կապիտուլյանտ կառավարիչներին, որոնք անխնա մսխում են անկախ պետականության կերտման ու ամրապնդման ճանապարհին ունեցած բոլոր ձեռքբերումները և լրջագույն վտանգի տակ են դրել մեր պետության ու ժողովրդի ապագան:

Այլևս ժամանակը չէ բարձրագոչ խոսքերի. կա՛մ մեր ժողովուրդը իր ազատ և անկախ ապրելու միասնական կամքը վերստին կարտահայտի՝ դուրս գալով կործանարար թմբիրից և ձերբազատվելով ապազգային, վախկոտ, ձախողված իշխանություններից, կա՛մ հարվածի տակ կդնի ոչ միայն պետականությունը,

այլև հազարամյա իր հողի վրա սեփական գոյությունն առհասարակ: Այսօր, առավել քան երբևէ, անկախությունը իր նվիրյալ զավակների պաշտպանության կարիքն ունի: Մեր ժողովրդի համար այս ծանր պահին ես վերահաստատում եմ՝ երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը: Աստված պահապան Հայաստանին և հայ ժողովրդին: