ԼԱՎ ԼՈՒՐ ծնողների և աշակերտների համար․ ԿԳՄՍ-ն հայտարարություն է տարածել

Այլ լուրեր Հետաքրքիր

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կայացած հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հանձնաժողովի նախագահ և նախաձեռնության հեղինակ Սիսակ Գաբրիելյանն առաջարկել է «Կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի` տարրական հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 1-4-րդ դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է տարրական ընդհանուր կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով:

Ըստ պատգամավորի՝ գործող օրենքով պետությունը պետական բյուջեի հաշվին անվճար գրքերով ապահովում է միայն պետական դպրոցների աշակերտներին, մինչդեռ նախագիծն ամբողջությամբ ընդունվելուց հետո տարրական դասարանների բոլոր երեխաները, անկախ նրանից՝ սովորում են պետական, թե ոչ պետական դպրոցում, գրքերը կստանան անվճար: «Այս առումով որոշակի խնդիրներ են առաջանում ոչ պետական դպրոցների հատվածում: Մի կողմից օրենքն արգելում է դասագրքերի վաճառքը, մյուս կողմից՝ մենք օրենքով պարտադրում ենք, որ այդ դպրոցները, անկախ իրենց իրավական կարգավիճակից, պետք է հենց այդ դասագրքերով և ծրագրերով ապահովեն երեխաների կրթությունը»,- նշել է Սիսակ Գաբրիելյանը՝ հավելելով, որ դասագրքերը տրամադրվում են ոչ թե դպրոցներին, այլ երեխային, հետևաբար որևէ տարբերություն պետք է չդրվի, թե երեխան ինչպիսի դպրոց է հաճախում:

Կառավարության դրական տեսակետը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Փոխնախարարը փաստել է, որ խոսքն իրավամբ երեխաների կրթության իրավունքի մասին է, և այն պետք է կախված չլինի այն փաստից, թե երեխան ինչպիսի դպրոցում է սովորում. «Եվ, այո՛, ունենք իրավիճակ, որ 4000-ից մի փոքր ավելի երեխաներ տարրական դասարաններում սովորում են ոչ պետական դպրոցներում: Կարևոր է, որ պետական հոգածությունը և նրանց իրավունքի իրացումը տեղի ունենան նաև այդ պարագայում»: Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Այն նախատեսվում է ընդգրկել հունվարի 17-ին մեկնարկող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում: Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից:

Նշենք, որ հանրապետությունում այսօր գործում են ոչ պետական 48 դպրոցներ, որոնց տարրական դասարաններում սովորում են ավելի քան 4000 երեխաներ: Պետական դպրոցների տարրական դասարաններում սովորողների թիվն ավելի քան 54 հազար է: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է նաև ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնության հեղինակներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանն ու Կնյազ Հասանովն առաջարկել են լրացնել օրենքում առկա բացերը` կապված ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության վկայագրման ու ճանաչման հետ:

Նախագծով առաջարկվում է պայմաններ ստեղծել` ճանաչելու քաղաքացիների ստացած ոչ ֆորմալ ու ինֆորմալ կրթությունը: Սիսակ Գաբրիելյանը պարզաբանել է, որ եթե անձը որևէ մասնագիտությամբ ֆորմալ կրթություն չի ստացել, սակայն, օրինակ՝ լավ խոհարար կամ վարսահարդար է, ապա նա հնարավորություն կունենա ստանալու հավաստագիր կամ վկայական` տվյալ մասնագիտությանը տիրապետելու վերաբերյալ, և աշխատել այդ մասնագիտությամբ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, կարևորելով նախաձեռնության ընդունումը, ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ու առաջարկները:

Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կառաջարկվի ընդգրկել Ազգային ժողովի` հունվարի 17-ին գումարվելիք հերթական նիստերի օրակարգի նախագծում: Հավելենք, որ երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագծի քննարկումը լրամշակման նպատակով հետաձգվել է մինչև երկու ամսով: Նախաձեռնության հետ կապված` հանձնաժողովի որոշմամբ հունվարի 25-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ: